Մեկնարկել է ՀՀ կառավարության 2019-ի առաջին նիստը. օրակարգում ներառված է 8 հարց, որոնցից 6-ը՝ չզեկուցվող:
Քննարկվող հարցերից մեկն էլ «18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծն է:
Նախագծի համաձայն` 18 տարին լրացած անձին իրավունք է տրվում ստանալու ինֆորմացիա իր կենսաբանական ծնողների, ծննդավայրի և այլ մանրամասների մասին: Որոշումն ընդունվեց, իսկ մինչ այդ` որոշման քննարկման ժամանակ, մի շարք հարցեր առաջ քաշվեցին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե որդեգրման պրոցեսում ՀՀ քաղաքականությունն ինչպիսի՞ն է` ուզում ենք խթանե՞լ որդեգրման պրոցեսը, թե՞ հակառակը: Փաշինյանի խոսքով` շատերն են բողոքում, որ որդեգրման պրոցեսում արհեստական խոչընդոտներ կան, իսկ Հայաստանում կան անզավակ ընտանիքներ, որոնք ուզում են երեխաներ որդեգրել: