«Նախընտրական խոստում ենք տվել, որ կառավարության կազմը, կառուցվածքը պետք է փոխվի և նախարարությունների թիվը պետք է կրճատվի, և մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով», — այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց՝ այս պրոցեսի նպատակը ոչ թե փող խնայելն է, այլ՝ կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելը։
«Ես ուզում եմ ուղղակի արձանագրել հետևյալը, որ այս պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին էլ փող խնայելը չէ, այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը, սա թերևս միակ նպատակն է, որը կարելի է և արժե ձևակերպել։ Այս առումով իսկապես շատ լուրջ աշխատանք է սպասվում», — ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը նշեց, որ թեմայի շուրջ կառավարությունում տարբեր ֆորմատներով քննարկումներ են ունեցել և համոզված են՝ պետք է շարժվել այս ճանապարհով։