Վերաքննիչ դատարանը կարող է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը` հավելելով, որ առանձնապես մեծ հույսեր Վերաքննիչ դատարանի հետ չի կապում։
«Վերաքննիչ դատարանի դատավորն այն դատավորն է, ով մշտապես կողմնակից է եղել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելուն»,– ասաց Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքին, նրա փաստաբանն այն «նենգ սուտ» է որակում։
«Թող տպավորություն չստեղծվի, թե ես փորձում եմ սրբացնել Մանվել Գրիգորյանին։ Պատերազմ անցած մարդը սուրբ չի լինում։ Ես էլ այնքան միամիտ չեմ, որ ասեմ, թե իմ վստահորդն ընդհանրապես մեղքեր չունի։ Բայց կոնկրետ այն մեղադրանքը, որը հանրայնացվել է, որը ներկայացվել է և՛ հանրությանը, և՛ ղեկավարությանը, սուտ է։ Դա այն աստիճանի նենգ սուտ է, որի տակից պետք է դուրս գալ»,– ասաց նա։