Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մի քանի տարի է՝ գլխավորում է Forbes-ի վարկանիշային աղյուսակը: Հիմա նա նոր ռեկորդ է սահմանել՝ դարձել է ամենահարուստ մարդը, ում կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Թեև դա երկար չի տևել:
Օգոստոսի 25-ի երեկոյան նրա եկամուտը գերազանցել է 200 մլրդ դոլարը, այդ մասին հավաստել է Forbes Real-Time-ը, որն օնլայն ռեժիմով հետևում է միլիարդատերերի գումարների շարժին: Իսկ արդեն արժեթղթերի վաճառքի ավարտին նրա կարողությունը նվազել է մինչև 199,7 մլրդ դոլար:Ամեն դեպքում, դա ևս ռեկորդ է:
Amazon-ի հիմնադիրը ընկերության 11,1% բաժնեթղթերի սեփականատերն է: Համավարակի սկզբից ընկերության եկամուտներն անշեղորեն աճում են: Արժեթղթերը թանկացել են 55%ով, իսկ Բեզոսի կարողությունը ավելացել է 86 մլրդ դոլարով:
Forbes-ի տվյալներով՝ Բեզոսը դեռ վաղուց կարող էր այդ ռեկորդը սահմանել, եթե չամուսնալուծվեր: Այդ ամուսնալուծությունը ամենաթանկարժեքն է միլիարդատերերի պատմության մեջ: 2019 թվականի հուլիսին Բեզոսը բաժանվեց Մաքքենզի Սքոթից, որի հետ ապրել էր 25 տարի, և տվեց նրան Amazon-ի իր բաժնեմասի 4%-ը: Սքոթի կարողությունն այժմ 63,4 մլրդ դոլար է: