Ամերիկացի գիտնականները մահից փրկել են մի քանի խոզերի՝ նրանց մարմինների մեջ աճեցնելով պահեստային լյարդ։ մասնագետները վստահ են, որ այպիսի տեխնոլոգիան կօգնի նաեւ լյարդի ցիռոզով պացիենտներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Liver Transplantation գիտական ամսագրում։
Մասնագետները պարզել են, որ եթե լյարդի բջիջները (հեպատոցիտները) հայտնվում են ավշահանգույցներում, իսկ այդ ընթացքում բուն լյարդը չի կարողանում կատարել իր խնդիրները, այդ բջիջները կարող են ձեւավորել «արտաքին» լյարդ։
Ընդ որում՝ հեպատոցիտները պահպանում են կիսվելու ունակությունը եւ սկսում են ակտիվորեն բազմանալ, եթե լյարդի զգալի մասը վնասված է։ Այս մեխանիզմը թույլ է տալիս օրգանի լուրջ վնասվածքներով պացիենտին փոխպատվաստել դոնորի լյարդի կեսը։ Բայց ինչպես հայտնի է, ամբողջ աշխարհում այսօր նկատվում է դոնորական հյուսվածքների լուրջ պակաս։ Բջիջներից նոր լյարդի աճեցումը հեռանկարային այլընտրանք է թվում։
Կրծողների եւ խոզերի օրինակով ապացուցվել է, որ եթե այս բջիջները պատվաստվեն ավշահանգույցներին, ապա կձեւավորվի նոր լյարդ։ Խոզերի մոտ, ի դեպ, նեղացրել են հիմնական լյարդը սնուցող արտերիան, եւ հեռացրել են օրգանի մի մասը։ Հեռացված մասից արտադրվել են հեպատոցիտներ, բազմացել են եւ մտցվել խոզերի որովայնային խոռոչի ավշահանգույցներ։
Արդյունքում հեպատոցիտները ավշահանգույցներում սկսել են շատ լավ աճել, ձեւավորել են կառույցներ, որոնք չեզոքացրել են տարբեր տոքսինները եւ կատարել լյարդի այլ ֆունկցիաներ, ներառյալ լեղիի արտադրումը։ Հետաքրքիր է, որ հիմնական լյարդը որքան շատ էր վնասված, այնքան ակտիվորեն էին ձեւավորվում պահեստային տարրերը, որոնք իրենց վրա էին վերցնում դրա ֆունկցիան։