Ինչպես եւ ինչու են ծանր վարակները ոչնչացնում իմունային համակարգը

Որ մեխանիզմներն են պատասխանատու իմունային համակարգի ֆունկցիոնալ վատթարացման համար`ի պատասխան ծանր վիրուսային վարակների, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը կամ COVID-19-ը: Ավստրալացի գիտնականները փորձել են գտնել այս հարցի պատասխանը: Նրանց նոր ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում:

Ինչպես հայտնում է Ria.ru-ն, վիրուսային ծանր վարակները եւ քաղցկեղը, ինչպես հայտնի է, իմունային համակարգի խախտումներ են առաջացնում՝ ճնշելով T-բջիջները։ Այս գործընթացը կոչվում է իմունային հյուծում, եւ դրա հաղթահարման համար գիտնականները մշակում են բուժման նոր մեթոդներ, սակայն հենց գործընթացի կենսաբանական մեխանիզմը լիովին հասկանալի չէ:

Մելբուռնի համալսարանի մասնագետները, Օլիվիա Նյուտոն-Ջոնի քաղցկեղի հետազոտական ինստիտուտի եւ Ուոլտերի ու Էլիզա Հոլերի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գործընկերների հետ համագործակցելով, որոշել են պարզել, թե երբ եւ ինչպես են T-բջիջները կորցնում իրենց գործառույթը եւ դառնում «հյուծված»:

Նախկինում համարվում էր, որ ծանր վարակների ժամանակ T-բջիջները դանդաղ են կորցնում իրենց գործառույթը, եւ դա բավականին երկար ժամանակ է պահանջում: Սակայն նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ T-բջիջները կարող են վնասվել ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Գիտնականները մկների վրա ուսումնասիրել են լիմֆոցիտար խորիոմենինգիտի վիրուսի ազդեցությունը, որը ծառայում է որպես մարդու մոտ վիրուսային ծանր ինֆեկցիաների մոդել, եւ հիվանդության սկսվելուց անմիջապես հետո առաջացած մոլեկուլյար ու ֆունկցիոնալ մակարդակում վարակի ծանր եւ թեթեւ ձեւերի ցնցող տարբերություններ են հայտնաբերել։

«Ի պատասխան լայն վարակների, որոնք դժվար է վերացնել, եւ որոնք կարող են դառնալ քրոնիկ, T-բջիջների գործառույթները ճնշվում են մի քանի օրում, մինչդեռ թույլ վարակին արձագանքող T-բջիջները մնում են բարձր ֆունկցիոնալ»,- բացատրում է դոկտոր Սառա Գաբրիելը՝ հոդվածի հեղինակներից մեկը:

T-բջիջների գործողությունն ընկած է քաղցկեղի իմունոթերապիայի հիմքում, ինչի պատճառով, ըստ գիտնականների, այդքան կարեւոր է հասկանալ, թե ինչպես են վիրուսային վարակները ազդում դրանց վրա:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ T-լիմֆոցիտներին կարելի է մանիպուլյացիայի ենթարկել ծանր վիրուսային վարակի վաղ փուլերում, որպեսզի բարելավեն դրանց ակտիվությունը»,- նշում է պրոֆեսոր Աքսել Կալիսը, ով նույնպես մասնակցել է ուսումնասիրությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ