Եթե հետաքրքրված եք հայ հնադարյան վանքերով և եկեղեցիներով, ապա շտապեք ծանոթանալ Սուրբ Կարապետ Հովհաննես վանքին

Սուրբ Հովհաննես Կարապետի վանքը (առավել հայտնի է՝ Ժնջռլուի Սուրբ Կարապետ) միջնադարյան հայկական ճարտարապետական համալիր է, որը գտնվում է ՀՀ Արարատի մարզում՝ այժմ լքյալ Ժնջռլու կամ Զնջռլու գյուղատեղիից 1կմ հյուսիս-արևելք, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում : Սբ. Կարապետ վանքը բաղկացած է երեք մոնումենտալ շինություններից և պարսպին կից միաբանական խցերից, որոնք քանդվել են ժամանակի ընթացքում։
Գլխավոր կառույցն է Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին։

Ըստ եկեղեցու հարավային պատի վիմագիր արձանագրության՝ Սբ. Աստվածածին Սպիտակավոր եկեղեցու կառուցումն ավարտվել է 1301 թ։ Հիմնադիրն է Կիրակոս վարդապետ Գետկեցին, իսկ ճարտարապետը` Բուտը։ Եկեղեցու շինարարությունը հովանավորել է Օրբելյան Տարսայիճ իշխանի որդի Ջալալ իշխանի կին Գոնցա իշխանուհին։

Սբ. Կարապետ վանական համալիրն ունի նաև ժամատուն, որը թվագրվում է XIV դ., և կառուցված է Սբ. Աստվածածին եկեղեցուց հարավ-արևմուտք: Ժամատան արևմտյան կողմում երկհարկ եկեղեցի-դամբարանն է: Վանքի գերեզմանոցում պահպանվել են նուրբ զարդաքանդակներով խաչքարեր և կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր: Վանական համալիրը ունեցել է նաև իր առանձին ջրմուղը` կավե թրծված խողովակներով, որոնք ձգվում էին մինչև ջրամբար:

Հովհաննես Ս. Կարապետ վանական համալիրը դարեր շարունակ կանգուն է եղել, սակայն մի քանի երկրաշարժերի ժամանակ մեծ վնասներ է կրել։ Ժամանակն ու փորձությունները, սակայն, չեն ստվերել սրբավայրի զորությունը: Մեր ժողովրդի հիշողության մեջ բազմաթիվ հրաշագործություններ են պահպանվել վանք այցելող ուխտավորների և նրանց իղձերի կատարման մասին: Այսօր էլ սրբավայրը սիրված ուխտատեղի է բազմաթիվ հայորդիների համար:

2015 թ. պատրաստվել է վանական համալիրի վերակառուցման նախագիծը՝ շինարարության կազմակերպման գլխավոր հատակագծով ու աշխատանքների կատարման ժամանակացույցով։ Նախագծի կարևոր կետերն են՝ Սբ. Աստվածածին եկեղեցու ամրակայումը և նորոգումը, դամբարանի, տապանատան նորոգումը, ամրակայումը և վերականգնումը, նաև վանական կացարանների մասնաշենքերի վերակառուցումը:

Վանքային համալիրի լիարժեք վերականգման և աշխատանքի համար անհրաժեշտ է վերակառուցել նաև պարիսպը, կառուցել սանհանգույցը :
2019 թ. ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ մի շարք հայ գործարարներ արդեն իսկ սկսել են իրականացնել Սուրբ Կարապետ վանքի բարեկարգումը։ Ցանկանում ենք ընդգծել. hարազատնե՛ր, մենք դրամահավաք չենք կազմակերպում և իրականացնում։ Մեր բարերարներն իրենց իսկ հնարավորությունների սահմանում կազմակերպում և իրականացնում են անհրաժեշտ աշխատանքները։ Եթե ցանկանում եք մասնակից դառնալ միջնադարյան պատմական համալիրի, վանական կացարանների մասնաշենքերի վերակառուցման գործին, գրեք կամ զանգահարեք Սբ. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանին, որը սիրով կներկայացնի առկա անհրաժեշտ աշխատանքների ցանկը։

Հովհաննես Ս. Կարապետ վանական համալիրի պատմությունը մասամբ պահպանված է, վանքը մասամբ կանգուն է, և ուրեմն ժամանակն է սիրով և հարազատաբար թարմացնել և՛ մեր հիշողությունը, և՛ մեր վանքը։ Սրբավայրի վերազարթոնքը հնարավոր է:
Եկեք միասին ձեռնամուխ լինենք Սրբավայրի նորոգմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ