Հայաստանը երրորդ ժամկետով ղեկավարելու Սերժ Սարգսյանի մտադրության դեմ բողոքի ցույցեր սկսեցին մի շարք ուժեր, որոնցից գլխավորներն են խորհրդարանական «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու արտախորհրդարանական «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը ընտրեցին փողոցային պայքարը, այդ թվում՝ երթերի, ցույցերի և բողոքի այլ միջոցառումների տարբերակը՝ բացառելով բռնությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով և ապրիլի 13-ի հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները։
«Իմ քայլը» նախաձեռնության պայքարի երգը «Քաղաքացու երգը» ստեղծագործությունն է, որի խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, երաժշտության հեղինակը և կատարողը՝ Հայկ Ստվերը: