Կումկվատը, որը նաեւ դեկորատիվ մանդարին են անվանում, կարող է արդյունավետ լինել քաղցկեղի դեմ պայքարում։ Այս պտուղը նաեւ նորմալացնում է տարբեր օրգանների աշխատանքը, գրում է «Российская газета»-ն։ Մասնավորապես, կումկվատը պաշտպանում է մարսողական համակարգը, ամրացնում է ոսկրային հյուսվածքը եւ օգնում է անորեքսիայի ու սրտխառնոցի դեմ պայքարում:
Կումկվատը, մասնագետների կարծիքով, օգնում է պահպանել իմունիտետի նորմալ աշխատանքը աշուն-ձմեռ ժամանակահատվածում: Կումկվատը հարուստ է նաեւ ֆլավոնոիդներով (հակաօքսիդանտներով), որն էլ նրան ապահովում է հակաքաղցկեղային հատկություններով: Այս մթերքի մեջ պարունակվող նյութերը, ըստ որոշ մասնագետների, ոչ միայն դանդաղեցնում են արդեն գոյություն ունեցող ուռուցքների զարգացումը, այլեւ օրգանիզմն ավելի դիմացկուն են դարձնում կոնցեռոգենների ազդեցության դեմ՝ կանխելով քաղցկեղը:
Կումկվատը նաեւ հարուստ է կալցիումով, ինչը նրան օգտակար է դարձնում ոսկորների համար: Նաեւ իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այն կարող է կանխել կնճիռների ու պիգմենտային բծերի առաջացումը՝ բարելավելով մաշկի ընդհանուր վիճակը: Մթերքի մեջ պարունակվող վիտամին A- ն, մասնագետների կարծիքով, չափազանց օգտակար է աչքերի համար:
Մասնագետներն ասում են, որ կումկվատը ցանկալի է կեղեւով օգտագործել: Հետաքրքիր է, որ այս մթերքի օգտակար հատկություններից շատերը պահպանվում են նույնիսկ ջերմային մշակումից հետո։