Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը վճարել է ամերիկահայ բարերար Գրիգոր Թերմենջյանը

Հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանի սրտի շտապ վիրահատության համար պահանջվող գումարը փոխանցել է ամերիկահայ բարերար Գրիգոր Թերմենջյանը։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է դերասանուհին։

Նա նաև նշել է, որ իր հետ կապվել է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով նույնպես  վիրահատության ծախսերը հոգալու համար գումար է ուղարկել:

«Ես ասացի, որ պետք չի, գումարն ունեմ, Ռուբեն Հայրապետյանն ասեց` էդ փողը քեզ, որովհետև վիրահատությունից հետո քեզ բուժման փող է պետք, աղջիկ ջան: Էդ փողը վերցրու ու բուժվի: Նա ինձ նվիրեց այդ 3 միլիոն դրամը»,- ասաց դերասանուհին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ սրտի բաց վիրահատության կարիք ունի, ինչի համար 3 միլիոն դրամ է անհրաժեշտ, սակայն նա վճարունակ չէ։ Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն իրեն բնորոշ հումորով ասաց, որ բժիշկները գիտեն` իր սիրտը ոսկի է, ուզում են գողանալ:

Նրա խոսքով՝ առողջական այլ խնդիրներ` շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ողնաշարի ճողվածք, վաղուց ունի, բայց սրտից երբեք չի դժգոհել. «Սրտխփոցներ ունեցել եմ, բայց հասարակ դեղեր եմ խմել ու անցել են: Օրեր առաջ կրծքավանդակիս, թիկունքիս հատվածում սարսափելի ցավեր ունեցա, շտապ օգնություն կանչեցինք, տեղափոխեցին հիվանդանոց, ու պարզվեց` սիրտս է: Շաքարային դիաբետի պատճառով սրտիս մի քանի անոթ խցանվել է, բաց վիրահատության կարիք կա, բայց քանի որ ես գեր եմ, հնարավոր է` օրգանիզմս չդիմանա: Բժիշկները դեռ խորհրդակցում են, եթե բաց վիրահատություն չանեն, 5 ստենդ կտեղադրեն»:

Նարինեն ասաց, որ ֆիզիկապես իրեն լավ է զգում, ասում է` միայն շարժվելիս շունչը կտրվում է: Հոգեբանորեն է իրեն վատ զգում: Ըստ նրա` բարդ է ընդունել, որ սրտի հետ կապված խնդիրներ կան, քանի որ երբևէ չի մտածել, որ նման բան կարող է լինել:

Posted by Narine Voskanyan on Thursday, 13 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ