Թեստ․Իսկ դուք վստահ եք, որ կկարողանաք հաղթահարել այս թեստը

Սիրտը մարդու և այլ կենդանիների մկանային օրգան, որն արյունատար անոթներ է մղում արյունը։ Արյունը մարմնին ապահովում է թթվածին և սննդանյութեր, ինչպես նաև ապահովում նյութափոխանակության արգասիքների հեռացում։ Սիրտը գտնվում է կրծքավանդակի միջին բաժնում։

Մարդու, այլ կաթնասունների և թռչունների մոտ սիրտը կազմված է չորս խոռոչից՝ վերին աջ և ձախ նախասրտերից և ստորին ձախ և աջ փորոքներից։ Աջ փորոքը և նախասիրտը միասին ընդունված է անվանել աջ սիրտ, իսկ ձախ փորոքն ու ձախ նախասիրտը՝ ձախ սիրտ։ Ձկների սիրտը կազմված է երկու խոռոչից՝ մեկ նախասրտից և փորոքից, սողունների սիրտն ունի երեք խոռոչ։ Առողջ սրտում արյունը սրտի փականների շնորհիվ հոսում է միայն մեկ ուղղությամբ․ սրտի փականները արգելակում են արյան հետադարձ շրջանառությունը։ Սիրտը գտնվում է պաշտպանիչ պարկում՝ սրտապարկում (պերիկարդում), որը պարունակում է քիչ քանակությամբ հեղուկ։ Սրտի պատը կազմված է երեք շերտերից՝ էպիկարդից, միոկարդից և էնդոկարդից։

Սիրտը արյունը մղում է որոշակի ռիթմով, որը որոշվում է մի խումբ ռիթմավար բջիջների կողմից, որոնք կազմում են սրտի առաջին՝ ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույցը։ Այս բջիջները առաջացնում են գրգիռներ, որոնք անցնում են նախասիրտ-փորոքային հանգույցով և սրտի հաղորդչական համակարգով՝ առաջացնելով սրտի կծկումներ։ Արյան շրջանառության մեծ շրջանից վերին և ստորին սիներակների միջոցով աջ նախասիրտ է լցվում թթվածնով աղքատ արյունը, որն այնուհետև անցնում է աջ փորոք, որտեղից այն մղվում է թոքային շրջանառության։ Արյունը մղվում է թոքեր, որտեղ արտազատվում է ածխաթթու գազը և արյունը նորից հարստանում է թթվածնով։ Արյունը թոքային շրջանառությունից վերադառանում է սրտի ձախ նախասիրտ, անցնում՝ ձախ փորոք և աորտայի միջոցով մղվում դեպի օրգաններ, որտեղ թթվածինն օգտագործվում է նյութափոխանակության մեջ՝ վերածվելով ածխաթթու գազի։ Սիրտը կծկվում է րոպեում մոտ 72 անգամ։ Ֆիզիկական վարժությունները ժամանակավոր մեծացնում են սրտի կծկման ռիթմը, ապա երկարաժամկետ նվազեցնում այն, որն օգտակար է սրտի առողջության համար։

Սրտանոթային համակարգի հիվանդությունները 2008 թվականի տվյալներով մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններն են, որոնց բաժին է ընկնում մահվան դեպքերի շուրջ 30%-ը։ Իսկ սրտանոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի շուրջ երեք քառորդը պայմանավորված է պսակաձև անոթների հիվանդությամբ և սրտամկանի ինֆարկտով։ Հիվանդությունների ռիսկային գործոնների թվին են պատկանում ծխելը, ավելորդ քաշը, քիչ ֆիզիկական ակտիվությունը, խոլեստերոլի բարձր մակարդակը, վատ կարգավորվող շաքարային դիաբետը և այլն։ Սրտանոթային հիվանդությունները հաճախ ախտանիշեր չունեն կամ առաջացնում են կրծքի շրջանում ցավեր և հևոց։ Սրտի հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հիվանդության պատմության ուսումնասիրմամբ, ստետոսկոպով սրտի տոների և աղմուկների հետազոտմամբ, էլեկտրասրտագրությամբ և ուլտրաձայնային հետազոտմամբ։ Սրտի հիվանդություններով մասնագիտացած մասնագետներին անվանում են սրտաբաններ, չնայած որ շատ այլ մասնագետներ նույնպես ներգրավված են բուժման մեջ։

 84 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •