Ինչ նպատակ է հետապնդում Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Արցախի նախագահի հետ

Մինչ Հայաստանում բավականին աշխուժանում և անգամ թեժ բնույթ է ստանում, այսպես ասած, ներքաղաքական կյանքը, նախօրեին բավականին ուշագրավ տեղեկություն ստացվեց Արցախից: Այնտեղ տեղի է ունեցել նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը:

Ինքնին ուշագրավ այդ փաստից բացի՝ նկատի ունենալով, որ Հովիկ Աբրահամյանը հետհեղափոխական շրջանում հրապարակում երևացել է խիստ հազվադեպ՝ մեկ-երկու անգամ, հատկապես հետաքրքրություն է բխում հաղորդագրության մի ձևակերպումից, ըստ որի՝ հանդիպմանը քննարկվել են նաև քաղաքական հարցեր: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն Արցախում զուտ որպես նախկին վարչապետ կամ խոշոր սեփականատեր գյուղատնտես չէ, այլ նաև քաղաքական բաղադրիչ: Հարց է ծագում՝ ինքնուրո՞ւյն է այդ բաղադրիչը, թե՞ նա Արցախի նախագահի հետ հանդիպման է որպես ավելի լայն շրջանակի մի մաս: Բոլոր դեպքերում Հայաստանում ծավալվող, թափ հավաքող ներքին զարգացումների ֆոնին Հովիկ Աբրահամյանի արցախյան աշխուժացումը իրապես վկայում է ծավալվող լայնամասշտաբ ներքաղաքական շարժի հավանականության մասին:

Ի դեպ, այդ համատեքստում հետաքրքիր է այն, որ Հովիկ Աբրահամյանի արցախյան հանդիպման ֆոնին ստացվեց տեղեկություն Սերժ Սարգսյանից, որը հայտարարեց, որ սկսում է դեռևս մեկ և ավելի տարի առաջ ազդարարած՝ «հանրության հետ «անկեղծ» զրույցը» ՝ որպես շարք: Անկասկած է, որ դա լինելու է իր հերթին Սերժ Սարգսյանի մասնակցությունը ներքաղաքական գործընթացներին:

Այդ համատեքստում հատկանշական է նաև այն, որ կրթական չափորոշիչների թեմայով օրերս իր մասին հիշեցրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ևս որոշել էր խախտել լռությունն ու գնահատել ընթացող բանավեճը գիտնականի դիրքերից, թեև կասկածից վեր է, որ Տեր-Պետրոսյանը հիանալի է պատկերացնում այդ, այսպես կոչված, բանավեճի քաղաքական մոտիվներն ու շերտերը և հիանալի գիտի, որ այդտեղ չկա գիտական բանավեճ, այլ կա զուտ քաղաքական մոտիվներով պայմանավորված գործընթաց: Առաջին նախագահը խոշոր հաշվով հիշեցնում էր իր ներկայությունը կամ հավակնությունը այդ գործընթացում:

Այդպիսով, հատկանշական է, որ վերջին երկու շաբաթներում տարբեր ձևաչափերով և ծավալներով իրենց մասին հիշեցրին նախկին երեք նախագահները, իսկ այդ ֆոնին էլ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը հայտարարեց նրանց բոլորի հետ հանդիպելու հնարավորության մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ