Բեյրութի իշխանություններին նախազգուշացրել են, որ վտանգավոր բեռը «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»

Բեյրութի բնակիչները տեղի ունեցած պայթյունի մեջ մեղադրում են իշխանություններին՝ վատ կառավարման և անփութության համար: Առնվազն 137 զոհի և 5000-ից ավելի վիրավորի պատճառ դարձած ողբերգությունը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, վտանգավոր բեռը 2013-ի աշնանը Մոլդովայի դրոշի ներքո նավարկող Rhosus նավով Բաթումի նավահանգստից ուղարկվել է Մոզամբիկ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով մուտք է գործել Բեյրութի նավահանգիստ:

Ըստ տարբեր լրատվամիջոցների ձեռք բերած տեղեկությունների՝ նավը պատկանել է ռուս Իգոր Գրեչուշկինին, նավի կապիտանը նույնպես եղել է ռուս, իսկ անձնակազմի անդամները՝ ուկրաինացիներ: Նավը չի կարողացել հասնել նպատակակետին, անձնակազմն ավելի ուշ լքել է նավը, իսկ բեռն առգրավվել է և 6 տարի պահվել նավահանգստի պահեստում:

Պաշտոնյաններն ընդունել են, որ աղետը կանխատեսելի էր, և իրենք տարիներ շարունակ պահանջել են հեռացնել վտանգավոր բեռը:

The Guardian պարբերականը հայտնում է, որ դեռ 6 ամիս առաջ բեռը ստուգող պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացնի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»:

Ըստ լրատվամիջոցի՝ այն բացահայտումը, որ Բեյրութի պատմության մեջ ամենասարսափելի պայթյունի մեղավորը կարող է լինել իշխանությունների անփութությունը, մեծ զայրույթ է առաջացրել բնակիչների շրջանում, որոնք առանց այդ էլ ֆինանսական լուրջ ճգնաժամի առաջ էին կանգնած:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ