Լիբանանի Առողջապահության նախարար Համադ Հասանն ասել է, որ Բեյրութի պայթյունին հաջորդող 10 օրերի ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է աճել: CNN-ի փոխանցմամբ՝ Հասանն այս մասին ասել է Sawt Loubnan ռադիոալիքի եթերում:
Ըստ նրա՝ Covd-19-ի նոր դեպքերի թիվը կաճի, քանի որ վիրավորներն ու բժիշկները շփվում են առանց անհատական պաշտպանության հանդերձանքի:
Նախարարը հավելել է, որ արտակարգ բուժօգնության դաշտային հիվանդանոցները կունենան նաև կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված հատվածներ:
Օգոստոսի 4-ին 137 զոհի և 5000-ից ավելի վիրավորի պատճառ դարձած պայթյունից հետո Բեյրութի հիվանդանոցները գերբեռնվել են: Պայթյունից վնասվել է նաև 4 հիվանդանոց:
Օգոստոսի 4-ին Լիբանանում կորոնավիրուս է հաստատվել 209 մարդու մոտ, իսկ օգոստոսի 5-ին՝ 146:
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ Լիբանանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսի 5417 դեպք, որոնցից 68-ը՝ մահվան ելքով: 1880 մարդ բուժվել է: