Այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ, աշխատակիցներին դուրս է հրավիրել և ձեռքին եղած դիզվառելիքով լցված շիշը վառել և նետել է՝ ներսում առաջացնելով հրդեհ, ապա դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձոոի հրշեջ փրկարարական ջոկատը, սակայն հրշեջներն անելիք չեն ունեցել, քանի որ տեղի ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Հարությունյանի գլխավորությամբ, ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ կասկածյալի մոտավոր ինքնությունը պարզել են և մի քանի հասցեներ են մեկնել, որից հետո Գուգարքի ոստիկանները հայտնաբերում են նրան, ով բերման է ենթարկվում ոստիկանություն։
Նա Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Լևոն Մ-ն է։
Տեղում աշխատել են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ծառայողները՝ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ:
Աղբյուրի տեղեկություններով, երբ ոստիկանները պարզում են նրա ինքնությունը և պարզում են՝ որտեղ է նա գտնվում, այցելում են այդ վայր, և այդ ժամանակ Լևոն Մ-ն զանգահարում է ոստիկանություն և հայտնում, որ ինքն է հեղինակը։
Փաստի առթիվ նշված ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է տեղի ունեցած դեպքին:
«Արտակարգ դեպք Վանաձորում. 44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի.
Մարդիկ անելանելի վիճակից դիմում են նման ծայրահեղ և դատապարտելի մեթոդների: Ակնհայտ է, որ վարկային կառույցի որևէ աշխատակից մեղավոր չէ այսօրվա ճգնաժամի համար:
Մյուս կողմից պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկեր մարդկանց այս վիճակից հանելու համար:
Օրինակ` մենք առաջարկում էինք ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հարյուր հազարավոր կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև վարկային արձակուրդների արդյունավետ մեխանիզմներ ներդնել, հարկային արձակուրդ տրամադրել՝ տույժ ու տուգանքների փոխարեն:
Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների, թե ֆիզիկապես, թե վիրտուալ մեդիա տարածքներում»,-ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Մարուքյանը: