Ֆրիկի փողոցում հնչած կրակոցի դեպքն առնչվում է բարձրաստիճան պաշտոնյայի

 

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրիկի 15 հասցեի մոտակայքում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից՝ դեռևս չպարզված անձը, իր մոտ եղած ատրճանակից արձակել է կրակոց։

Լրատվամիջոցներում միջադեպի մասնակիցների թվում շրջանառվում է ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի անունը:

Այս կապակցությամբ  հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց. «Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով, որ դեպքն առերևույթ առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործը քննչական ենթակայության կարգով ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ