Իտալիան սպառնացել է արգելել Ryanair ավիաընկերության թռիչքները՝ պատճառաբանելով, որ ընկերությունը չի պահպանում կորոնավիրուսային անվտանգության կանոնները, հաղորդում է Euronews-ը: Ըստ Իտալիայի քաղաքացիական ավիացիայի վարչության՝ Ryanair-ը չի պահպանում ուղևորների միջև անհրաժեշտ հեռավորությունը:
Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ եթե իռլանդական ավիաընկերությունը շարունակի անտեսել կանոնները, ապա նրան կպարտադրեն թռիչքներ կատարել միայն կիսով չափ լցված ինքնաթիռով կամ ընդհանրապես կդադարեցնեն Իտալիայի տարածքում ընկերության թռիչքները:
Ryanair-ը ժխտել է այս մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ լիովին պահպանում է Իտալիայի կառավարության կողմից սահմանված բոլոր միջոցառումները և անում է ամեն ինչ՝ նվազեցնելու թե՛ ինքնաթիռում, թե՛ օդանավակայաններում մարդկանց միջև հաղորդակցությունը:
Ընկերությունը նաև նշել է, որ ինքնաթիռ նստեցման հատուկ ընթացակարգեր է գործի դրել, որպեսզի խուսափի ուղևորների անհարկի կուտակումներից:
Նշենք, որ Ryanair-ը թռիչքներ է կատարում Իտալիայի ավելի քան 25 քաղաքներից: