Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:
Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին:
Այդ ժամանակ էր, որ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և Հիսուս ծնվեց մսուրում: Աստծո որդին` աշխարհի Արարիչն ու Փրկիչը ծնվեց մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է:
Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, ում հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, ում մի աստղ էր առաջնորդել: Նրանք երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:
Ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի երկնային թագավորությունը: Կնդրուկը խունկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին և խորհրդանշում է Հիսուսի մահը: