Սեխն օգտակար մթերք է, բայց ամենեւին ոչ բոլորին է կարելի այն ուտել

Սեխն օգտակար մթերք է, բայց ամենեւին ոչ բոլորին է կարելի այն ուտել, պնդում է բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան:

Չպետք է սեխ տալ մինչեւ 2 տարեկան երեխաներին, քանի որ կարող է առաջացնել նրանց ստամոքսի խանգարում, ասել է մասնագետը «Վեչերնյայա Մոսկվա» պարբերականի հետ հարցազրույցում: Դրանից բացի, խորհուրդ չի տրվում սեխ գործածել աղեստամոքսային տրակտի եւ շաքարային դիաբետի հիվանդությունների դեպքում:

Հատուկ վտանգ են ներկայացնում նիտրատների մեծ պարունակությամբ սեխերը, որոնք, մասնագետի խոսքով, կարելի է տարբերակել կոշտ երակներով: Այսպիսի պտուղները վտանգավոր են երեխաների, տարեցների, քրոնիկական հիվանդություններով մարդկանց, հղիների եւ կերակրող մայրերի համար:

«Օրգանիզմում նիտրատները վերափոխվում են նիտրիտների,- պարզաբանել է Սոլոմատինան: — Դրանք արգելափակում են հեմոգլոբինը, այն անցնում է ոչ ակտիվ վիճակի, հյուսվածքները դադարում են շնչել: Խախտվում է նյութափոխանակությունը»:

Մասնագետը միաժամանակ նշում է, որ սեխն օժտված է մեծ թվով օգտակար հատկություններով: Սեխի պտղամիսը պարունակում է կալցիում, կալիում եւ մագնիում: Այն մաքրում է օրգանիզմը, օգնում վերականգնվել թունավորումից կամ խանգարումից հետո:

Սեխը նաեւ նպաստում է օրգանիզմից ծանր մետաղների աղերի դուրսբերմանը: Սեխի մեջ պարունակվող կալիումը ամրացնում է սրտամկանը, դուրս բերում օրգանիզմից հեղուկի ավելցուկը եւ վերացնում այտուցները: Կալցիումն ամրացնում է ոսկորները, ատամները, կազդուրում մազերը եւ եղունգները: Մագնիումը հանգստացնում է նյարդերը եւ լայնացնում անոթները:

Ֆոլաթթուն, որով սեխը հարուստ է, օգտակար է կանանց եւ երեխաների համար. այն պահպանում է նյարդային համակարգը, ինչպես նաեւ օրգանիզմում չեզոքացնում է հոմոցիստեինի ազդեցությունը, որը ավելցուկի դեպքում առաջացնում է բորբոքային պրոցեսներ: Սեխի մեջ պարունակվող կարոտինոիդները բարելավում են տեսողությունը:

Spread the love
  •   
  •   
  •