Մինչև 2007 թ. քչերն էին լսել Իռենա Սենդլերի մասին: Այդ ժամանակ մի քանի աղջիկ Հաղթանակի օրվա առթիվ զեկույց պատրաստելիս նրա անունը հայտնաբերեցին արխիվներում: Պարզվեց՝ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վարշավայի գետտոյից 2 500 երեխայի էր փրկել: Այդ ժամանակ Իռենան լեհական ընդհատակյա կազմակերպության՝ «Հրեաներին օգնության խորհրդի» (Zegota) անդամ էր:
Երբ արգելեցին գետտո մտնել բոլոր ոչ հրեաներին, Իռենան իր և իր գործակցի համար անցաթուղթ ստացավ Վարշավայի Համաճարակաբանական վերահսկողության դեպարտամենտից:
Այդպես կանայք կարողացան հանգիստ անցնել գետտոյի տարածք և օգնել այնտեղ ապրող մարդկանց: Նրանք հաճախ իրենց հետ սնունդ և դեղամիջոցներ էին տանում:
Ամենագլխավորը՝ նրանք այդտեղից երեխաների էին դուրս բերում: Դրա համար տարբեր մեթոդներ էին կիրառվում՝ երեխաներին տեղափոխում էին աղբի տոպրակներով, նետում էին ցանկապատից այն կողմ, կոյուղով էին հանում:
Իռենան փոքրիկներին թաքցնում էր իր գործիքների պայուսակի մեջ, իսկ ավելի մեծ երեխաներին՝ բրեզենտի տակ բեռնատարում: Նա միշտ իր հետ տանում էր շանը, որին վարժեցրել էր հաչել գերմանացի պահակների վրա: Դա օգնում էր խլացնել երեխաների լացի ձայնը կամ աղմուկը: