Lragir.am-ը գրում է. ՊԵԿ հաղորդագրության համաձայն, ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց․․ՊԵԿ քննչական վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում հարուցվել են քրեական գործեր․․․
ՊԵԿ հաղորդագրությունը նշանակում է, որ Գազպրոմ Արմենիան իր ձեռնարկությունում օգտագործում է «լեւի» գազ, այսինքն ինքն իրենից գողանում է գազ։
Այս, ինչպես կասեր ՀՀ գլխավոր գազավիկ Կարեն Կարապետյանը, «պրիմիտիվ գողության» շնորհիվ առաջանում են ահռելի «սեւ» փողեր:
Մյուս ընկերությունները, որոնք նույնպես ցույց են տվել պակաս իրացում, չէին կարող նման բան անել առանց գազի մենաշնորհ ունեցող Գազպրոմ Արմենիայի գիտության: Առավել ևս, որ դրանց տերերը պատահական մարդիկ չեն։
Ինչպես հայտնի է, սահմանին Հայաստանը գազը ստանում է աշխարհում ամենաէժան գներից մեկով, Հայաստանն այսպես ասած վերջից երրորդն է: Բայց սահմանից այս կողմ այն կրկնակի թանկանում է։
Կարեն Կարապետյանն ի պատասխան հարցադրումների՝ թուղթուգրիչը ձեռքին հիմնավորում էր գինը, նրան թութակի պես երկրորդում էին Հայաստանի պատկան մարմինների ու Գազպրոմ Արմենիայի ներկայացուցիչները: Բայց այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չէր տրվում ու չէր կարող տրվել։
աղբյուրը՝ lragir.am