Շինարարներն ու ինժեներները նշում են, որ շենքն իր տեսակով աննախադեպ է լինելու։
Ապակյա շինություն, հրակայուն գմբեթ, ավելի քան 2 հազար նստատեղ։ Սա Երևանի կրկեսի նոր շենքի հակիրճ նկարագրությունն է։
«Երևանի կրկես» ՓԲԸ–ի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Sputnik Արմենիային վստահեցրեց, որ այս շենքն իր տեսակով աննախադեպ է լինելու ամբողջ տարածաշրջանում։
Նոր շենքն ունի 8 հարկ, 6–ը` վերգետնյա, 2–ը` ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճում 2350 նստատեղ կա։ Առաջին հարկի բարձրությունը 4 մետր 50 սմ է, 2-ից 5-րդ հարկերից յուրաքանչյուրի բարձրությունը` 3 մետր 30 սմ, վերջին հարկինը` 4 մետր 10 սմ։
Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի առաջին շենքը փայտից էր և կառուցվել էր 1928 թվականին։ 1939 թվականին 800 հանդիսատեսի համար նախատեսված նոր շենք էր կառուցվել Նիկոլայ Բունիաթյանի նախագծով։
Այդ շենքն ամբողջությամբ վերաձևափոխվել էր 1962 թվականին։
Աղբյուր՝ Armeniasputnik.am