Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի և բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում։
Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։ 1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։
1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։Հախվերդյանը 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է Հայկական Հեռուստատեսությունում։
Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Ջախարովի մոտ։