Թե ինչպես է երկրորդ նախագահն անցկացրել Ամանորի գիշերը կալանավայրում ու ինչպես է դիմավորել Նոր Տարին, հայտնի չէ անգամ նրա փաստաբաններին:
Իսկ թե ինչպես են ընդհանրապես ազատազրկման վայրում նշում Ամանորը, մեզ պատմեց մեր գործընկերը` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, որն առիթ է ունեցել 1996թ.-ի Նոր տարին դիմավորել դատապարտյալի կարգավիճակում: Ու թեև քրեակատարողական հիմնարկը, կամ, ինչպես ասում են` գաղութը իր ռեժիմով տարբերվում է մեկուսարանից, բայց տնից հեռու Նոր տարի դիմավորելու զգացողությունը գրեթե նույնն է:
«Մենք 3-4 հոգով էինք: Դանակ չէր կարելի ունենալ խցում, բայց մենք ունեինք սուրճ, որը էլի օրինական չէր: PELE սուրճի կափարիչն, ի տարբերություն այժմյանի, ոչ թե փայլաթիթեղից էր, այլ թիթեղից: Հիշում եմ, որ այդ մետաղական կափարիչը դանակի տեղ օգտագործելով, մայրաքաղաքային աղցան պատրաստեցինք»,- շուրջ 22 տարվա հեռավորությունից հիշում է Մանուկյանը:
Նոր տարվա ավանդական այլ կերակրատեսակներ այդ օրը սեղանից բացակայում էին: Թեև հարազատները առանձնահատուկ`ամանորյա ծանրոցներ էին բերել կալանավայր, բայց դրանից գրեթե ոչինչ իրենց չէր հասել: Սահմանափակումները շատ էին` չէր կարելի ոսկորով սնունդ, տնային պայմաններում պատրաստված խմորեղեն և այլն: Դե իսկ կալանավայրի ճաշացանկում այդ օրը ոչ մի փոփոխություն չէր լինում:
Հաջորդ վառ տպավորությունն այդ Ամանորից ինչ-որ կերպ մեկուսարան հասած կոնյակն էր ու դրանից հրաժարված խցակից օտարերկրացին:
«Մեզ հետ նստած էր Թուրքիայից Հայաստանի սահմանն անցած, կռվից նահանջած, կալանավորված մի քուրդ զինյալ, որին առաջարկեցինք Նոր տարուն գոնե մի բաժակ կոնյակ խմի, բայց հրաժարվեց, որովհետև երդում էր տվել»,- ասաց մեր զրուցակիցը:
Կալանավայրում Նոր տարին ամբողջացնելու համար միայն եղևնի չկար, բայց դա էլ ձեռքի տակ եղած թղթի կտորներից էին պատրաստել:
Իսկ Նոր տարվա շնորհավորական բացիկը` Ամանորից օրեր առաջ էր ստացել: Այն անսովոր մի նամակ էր, կամ, ինչպես ընդունված է ասել` քսիվ, որն ինչ-որ ուղիներով կուսակից ընկերներին էր ուղարկել ազատազրկման մեկ այլ վայրում գտնվող ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:
«Սիրելի ընկեր բան չունեմ գրելու, այդ իսկ պատճառով գրում եմ մի միտք, որ երեկվանից սկսյալ ուղեղիցս դուրս չի գալիս: Երբ արտերկրում էի, շատ էի սիրում «Կռունկը»: Սակայն, երբ Հայաստան եկա մի տեսակ այդ երգն իր իմաստն ու արժեքը կորցրեց ինձ համար: Երեկ ռադիոյից դարձյալ լսեցի «Կռունկը» և ի զարմանս ինձ դարձյալ սիրեցի: Պատկերացնո՞ւմ ես` Երևանի կենտրոնում կարոտել եմ Հայաստանս: 25.12. 1995»,- ԱԱԾ մեկուսարանից գրել էր Հրանտ Մարգարյանը:
Գեղամ Մանուկյանն այս նամակն արդեն ավելի քան 22 տարի պահում է ի հիշատակ անցած օրերի և ի հիշեցումն այն բանի, որ կյանքը փոփոխական է. երբեմն մարդն ազատ է կալանավայրում, իսկ մի այլ դեպքում անազատ` ազատության մեջ:
Աղբյուրը՝ armeniasputnik.am