26-ամյա տղամարդը մահացել է արյան կորստից՝ իմաստության ատամը հեռացնելուց հետո

Չինաստանի Հուբեյ նահանգից 26-ամյա Լյու Հոֆանը մահացել է արյան կորստից՝ իմաստության ատամը հեռացնելուց 2 շաբաթ անց:

Ըստ The Sun-ի՝ մայիսի 25-ին Լյուի իմաստության ատամը հեռացրել են: 5 օր անց նա չինական առցանց Zhihu ֆորումում ասել է, որ վերջերս իր լնդերն անընդհատ արյունահոսում են: Նա նույնիսկ կցել է արյունոտ անձեռոցիկների եւ թաշկինակների վախեցնող լուսանկարներ:

Համացանցի այլ օգտատերերի խորհրդով նա գնացել է կլինիկա: Սակայն, ըստ Լյու Հոֆանի քրոջ, նույնիսկ բժշկական կենտրոն գնալուց հետո նրա լնդերը շարունակել են արյունահոսել: Հունիսի 4-ին Լյուն հոսպիտալացվել է, իսկ հաջորդ օրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նրան փրկել չի հաջողվել, եւ հունիսի 9-ին նա մահացել է։

Բժշկական գրանցումների համաձայն, մահը վրա է հասել սեփսիսի եւ ուղեղի արյունազեղման հետեւանքով:

«Նա նույնիսկ կատակում էր.« Ես այնքան եմ արյունահոսել, որ շուտով կմեռնեմ: Չմոռանաս մարել իմ հիպոթեկային վարկը, երբ ես չլինեմ»,- նրա խոսքերն է հիշում քույրը:

Քրոջ խոսքերով՝ բժիշկները մինչեւ վերջ լուրջ չեն ընդունել եղբոր բողոքները, չնայած նա ունեցել է լեյկոցիտների բարձր մակարդակ եւ բարձր ջերմություն։ Այս ամենը վարակի նշան էր։

Որոշ մասնագետներ կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, Հոֆանը ունեցել է սուր միելոիդային լեյկոզ՝ ուռուցքային հիվանդություն, որի պատճառով պացիենտը ավելի խոցելի է վարակների հանդեպ: Բուժումը հետաձգելու դեպքում մահը կարող է վրա հասնել ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Հիվանդի մարմինը դիակիզվել է մահվան հաջորդ օրը, եւ մոխիրը տեղափոխվել է նրա հայրենիք՝ Հուբեյ նահանգ: Այդ իսկ պատճառով փորձագետները չեն կարող անալիզներ կատարել` նրա լեյկոզը հաստատելու կամ հերքելու համար:

«Մենք կարծում ենք, որ ամենի մեղավորը հիվանդանոցն է,- ասել է Հոֆանի քույրը,- Եղբայրս ատամնաբույժին տեղեկացրել է իր վիճակի մասին, բայց նա լուրջ չի ընդունել: Արդյունքում եղբայրս բաց թողեց պատշաճ բուժում ստանալու իր հնարավորությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ