«Շանգրի Լա» խաղատունը զրկվեց լիցենզիայից

«Օնիրա քլաբը» նախատեսված պետական տուրքի իր պարտավորությունը չի կատարել, դրա համար էլ զրկվել է լիցենզիայից։

Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը երեկ նիստ է արել ու որոշել «Օնիրա քլաբ» ՍՊԸ -ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել: Տեղեկությունը հայտնում է Azdarar–ը։

Ընկերությանը լիցենզիայից զրկելու հիմք է հանդիսացել այն փաստը, որ ՍՊԸ–ն չի վճարել լիցենզիայի համար 2020–ի երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը։

Նշենք, որ ընկերությանը խաղատան կազմակերպման լիցենզիան լիցենզիա էր տրվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014-ի հունվարի 1-ին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր կատարել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա քլաբ» խաղատներին, ըստ որի` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս։

«Օնիրա քլաբը» հունիսի 15-ին հանդես էր եկել հայտարարությամբ` հայտնելով, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման։Ըստ հայտարարության` ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից և Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերների կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ