Դեղձ գնելու համար Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Կրկնակի թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել ՀՀ քաղաքացու մոտ, որը Վրաստանի Գուրջանիի մունիցիպալիտետի Չումլակի գյուղում էր: Վերջինս այստեղ էր դեղձ գնելու համար:

Ինչպես հայտնում են Գուրջանիի հանրային առողջության կենտրոնից, Վրաստան մուտք գործելիս ՀՀ քաղաքացուց վերցրել են կենսաբանական նյութի նմուշ: Կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: Կրկնակի թեստավորման ժամանակ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Վերջինս տեղափոխվել է Բոչորիշվիլիի կլինիկա:

Չումլակի գյուղում աշխատում են համաճարակաբանները, որոնք փորձում են պարզել վարորդի հնարավոր բոլոր կապերը տեղի բնակիչների հետ: Փորձագետները կարծում են, որ սա ներմուծված դեպք է, և վարակի նախնական աղբյուրը հաստատելը, ըստ էության, անհնար է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հայաստանում հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129166 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ