Ո՞վ է իրականում տապալում Քոչարյանի գործով դատական նիստերը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սահմանադրական կարգի տապալման գործի քննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը առարկություն ներկայացրեց դատախազ Գեւորգ Բաղդասարյանի՝ նախորդ նիստում ներկայացրած միջնորդությանը ու զգուշացրեց, որ ինքն էլ է նույն վիրավորական արտահայտություններն օգտագործելու, ինչ օգտագործել է դատախազությունը: Սկզբում դատախազի խոսքը Խուդոյանը սուտ որակեց ու ասաց, որ իր հասակակիցները սուտ խոսացողին այլ կերպ են արձագանքում կենցաղային մակարդակում, հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որակումն օգտագործեց՝ մանիպուլյացիա: Դատավորը հորդորեց, որ նման անթույլատրելի արտահայտություններ չանեն՝ զգուշացնելով, որ կսահմանափակի խոսքի իրավունքը, եթե կրկնեց. «Դատավորը համարում է անընդունելի արտահայտություն»:

Իսկ դատախազի միջնորդությունը վերաբերում էր իրավունքի չարաշահման փաստն արձանագրելուն եւ դատական վեճի նախապատրաստական մասը սահմանափակելուն: Նա ասում էր, որ դատական նիստերը ձգձգելու նպատակով պաշտպանության կողմն անընդհատ կրկնել է իր միջնորդությունները՝ նույնիսկ չկարողանալով ձեւականորեն փոփոխել դրանց հիմքը:

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն ասաց. «2020-ի հունիսի 1-ին ԱԺ-ում տարեկան գործունեության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղելով գլխավոր դատախազ Դավթյանին, բառացի կարդալով որոշ թղթից՝ ասաց՝ հարգելի պարոն Դավթյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են, որը պատճառ է դառնում քրգործի դատական քննությունը, ըստ էության չսկսելու համար»: Վարդեւանյանի խոսքով՝ ԱԺ հանձնաժողովի նախագահն իրավունք չունի ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի միջամտելու դատավոր Դանիբեկյանի վարույթում քննվող գործին, բայց ի՞նչ եղավ իրականում. «Գլխավոր դատախազը որոշակի պատասխան տալիս է ու պատասխանի բովանդակությունը այս միջնորդության մեջ տեղ է գտել: Այս միջնորդության հիմքը ոչ թե հանդիսանում է իրավունքների, տուժողների շահերով խիստ մտահոգված, այլ՝ ստացվել էր կոնկրետ ԱԺ հանձնաժողովի նախագահի ցուցում»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ