«Թեստավորումների թիվը կհասցվի օրական 4000-ի, 4 նոր լաբորատորիա կբացվի…»․ նախարար Թորոսյան


Հայաստանի համաճարակաբանները դեմ չեն, որ թեստավորումների թիվն ավելանա։ Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարարը՝ պատասխանելով ասուլիսի ժամանակ տրված հարցին։ Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն այսօր Հայաստանում օրական մինչև 2500 թեստավորում է իրականացվում։

Ըստ Թորոսյանի՝ իրենք հիմա մեծացնում են կորոնավիրուսի թեստավորումների համար անհրաժեշտ հզորությունները։ Դրա արդյունքում սպասվում է, որ 1-2-3 շաբաթվա ընթացքում Հայաստանում պետպատվերով թեստավորումների քանակը կհասցվի 3500-ի։ Իսկ մասնավոր հիմնարկներում կատարվող թեստավորումների հետ հանրագումարում, ըստ Թորոսյանի, օրական թեստավորումների թիվը կհասնի 4 հազարի։

Թորոսյանը նշեց, որ նախկինում 100-200 թեստի իրականացումը ահռելի թիվ էր թվում, բայց հիմա օրական 2500 թեստավորումը համարվում է սովորական թիվ։ Ու չնայած դրան՝ Թորոսյանն ասաց, որ իրենք շարունակելու են ավելացնել այդ թիվը։

Թվի մեծացման դժվարությունը, ըստ Թորոսյանի, ունի մի քանի պատճառ, և դրանցից մեկը մասնագետների ներուժն է․ ազատ մասնագետներ հիմա չկան, ու կենսաբաններին վերապատրաստում են այդ մասնագիտության համար։ Դրան զուգահեռ, ըստ Թորոսյանի, գնվում են անհրաժեշտ սարքավորումներ և նյութական միջոցներ։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախատեսում են 4 նոր լաբորատորի բացել՝ այդ թեստավորումները անելու համար։ Լաբորատորիաներից երկուսը կլինեն Մարտունիում և Իջևանում, մյուս երկուսը լինելու են Երևանում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արաբկիր» բժշկական կենտրոններում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ