Թաթա Սիմոնյանը (իրական անունը՝ Ալբերտ Ալբերտի Սիմոնյան, դեկտեմբերի 5, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հայտնի երգիչ, երգահան, կոմպոզիտոր և դերասան։ Հայկական էստրադայի ամենահայտնի և ամենահաջողակ երգիչներից է, ճանաչված է նաև Հայկական Սփյուռքում:
Ծնվել է 1962 թ դեկտեմբերի 5-ին[6] Երևանում: 2006 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։ 2008 թվականին Մոսկվայում ստացել է «Փոփի արքա» տիտղոսը։
Նրա ստեղծագործական կյանքը սկսվել է 1980 թվականից «Կիլիկիա» անսամբլի կազմում։ Մինչ օրս Թաթան համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում։ 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը հանդես է եկել Հայաստանի ձայնը նախագծում որպես մարզիչ։