Արթուր Աբրահամ, (ծնված որպես Ավետիք Աբրահամյան, Փետրվարի 20, 1980 թ., Երևան, ՀԽՍՀ), Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ 2005-2009 թթ. Եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։
2009-ից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի # 14 լավագույն բռնցքամարտիկ։
Արթուր Աբրահամը մասնակցել է Super Six World Boxing Classic մրցաշարին, որը մրցույթ էր երկրորդ միջին քաշային դիվիզիոնում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Մրցաշարի խմբակային փուլի առաջին մարտում Աբրահամը նոկաուտով պարտության մատնեց Ջերմեյն Թեյլորին, սակայն անզգուշությամբ որակազրկվեց Անդրե Դիրելի հետ մարտում։