«Հարսնաքար» հյուրանոցային համալիրը խուզարկել են Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու առնչությամբ քննվող գործով

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում այսօր խուզարկություն է կատարվել համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ արտառոց ոչինչ չկա, քրեական գործի շրջանակներում իրականացվում է հերթական քննչական գործողություններից մեկը:

Նշենք, որ խուզարկությանն իր ֆեյսբուքյան էջով անդրադարձել էր Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ գրելով, որ վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում, ինչպես նաև առերևույթ դեպքի ժամանակ դեռևս չկառուցված այլ հյուրանոցում. «Քանի որ անհետաձգելի համարվող քննչական գործողություն է կատարվում առերևույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, քննիչներին այլ բան չէր մնում անելու, քան ի թիվս այլնի առգրավել նաև ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական և այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ reception-ի աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները և փաստացի կազմալուծել հյուրանոցի բնականոն աշխատանքը…Մնացածը՝ հաջորդիվ… Հ.Գ Մի տեղ կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է…»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ այդ քրեական գործով Ռուբեն Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոցը է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում: Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ նրա որդին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ