ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ արգելվել է վերջինիս լիազորությունների դադարեցման պատճառով. ոստիկանություն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել։

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում մասնավորապես ասվում է.

22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և 26.06.2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով՝ արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի՝ այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ Սահմանադրական դատարանի՝ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել Սահմանադրական դատարանի վարչական շենք:

Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են Սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ