Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ, այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող և վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու: Կառավարության նիստում նախարարն ասաց, որ բացառությամբ այն 12-ի, որ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում են, իրենք ևս կառուցվելիք 2 խոշոր օբյեկտ ունեն Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում: «Դրանցից առաջինի՝ Մարտունու ԲԿ-ի շինարարությունը կսկսվի մոտ օրերս: Շուտով կհայտարարվի նաեւ Վայոց ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսը ամբողջությամբ զրոյից են կառուցվելու և համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին:
Եվս մեկ հրատապ շինարարություն հնարավորություն կունենանք շուտով անելու, սպասում ենք Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից համաձայնագրի կնքմանը»,- ասաց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված Վանաձորում կառուցելու են նոր ինֆեկցիոն հիվանդանոց, քանի որ Վանաձորի ԲԿ հին շենքը ոչ հնարավոր էր վերանորոգել, ոչ էլ համապատասխանում էր պայմաններին:
«Այս ամբողջն անելուց հետո պրակտիկորեն չենք ունենալու որևէ բժշկական հիմնարկ ամբողջ ՀՀ տարածքում, որը կարիք է ունենալու էական ներդրման կամ կապիտալ վերանորոգման: Այս աշխատանքները կտևեն 2-3 տարի»,- ասաց նա: