Կորոնավիրուսի բռնկում՝ Սիսիանում ու Մեղրիում․ մարզպետն այցելել է Կապանի բժշկական կենտրոն

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն․ մարզպետը շրջել է բաժանմունքներում, ինչպես նաև հանդիպում ունեցել ԲԿ-ի ղեկավարության ու բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը:

Հունան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին արտակարգ իրավիճակի այս պայմաններում կատարած աշխատանքի համար, նրանց հետ քննարկել է համավարակի դեմ պայքարի ներկա վիճակը, հիվանդների բուժման արդյունավետության ու հետագա անելիքների հետ կապված մի շարք հարցեր։

Մարզպետարանը տեղեկացնում է նաև, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․

Ընդհանուր՝ 250 հաստատված դեպք․
Գրանցվել է 3 մահ,

  • 151 հոգի բուժվել է,
  • 96 հոգի հիվանդ է, որից՝
  • 34 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
  • 1 հոգի հոսպիտալացված է Երեւանում
  • 61 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

  • 16 հոգի՝ Կապանից,
  • 11 հոգի՝ Գորիսից,
  • 48 հոգի՝ Սիսիանից,
  • 17 հոգի՝ Մեղրիից։
  • 1 հոգի՝ Տաթևից,
  • 3 հոգի՝ Գորայքից։

Նշվում է, որ Սիսիանում ու Մեղրիում վարակի նոր բռնկումները արդյունք են հերթական անխոհեմ հավաքների՝ ծնունդ, հոգեհանգիստ և այլն․․․ Մարզպետարանը կրկին ու կրկին պահանջում է չանտեսել կոչերը՝ հետևել սահմանված կանոններին, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները։

Երիտասարդ համաքաղաքացիներին մարզպետարանը հորդորում է հարգանքով ու օրենքով սահմանված կարգով վերաբերվել ոստիկանության աշխատակիցներին և ստուգումներ ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական տեսչական մարմինների ներկայացուցիչներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ