Արմեն Սարգսյանը հայտնել է, որ չի ստորագրելու «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

Այդ մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Հավելենք, որ Հանրապետության նախագահը ստորագրել է գույքահարկին առնչվող ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, կարծիք հայտնելով, որ ընդունումը ժամանակավրեպ է:

««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2020 թ. հունիսի 26-ին:

Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև օրենքի վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և ներկայացրել Հանրապետության նախագահին:

Հանրապետության նախագահը օրենքի շուրջ քննարկումներ է ունեցել մասնագիտական հանրության ներկայացուցիչների՝ իրավաբանների, ֆինանսիստների և տնտեսագետների հետ:

Հանրապետության նախագահը տեղյակ է օրենքի վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովում հնչած հիմնավորումներին: Դրանք ընդունելով հանդերձ, ինչպես նաև հաշվի առնելով օրենքի ազդեցությունը հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, Հանրապետության նախագահը կարծում է, որ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է: Նույնիսկ եթե օրենքն անմիջապես չի կիրառվելու, կորոնավիրուսի համավարակի բարոյահոգեբանական հետևանքները, առաջացած ֆինանսատնտեսական խնդիրները դեռ երկար են զգալ տալու:

Ըստ տարբեր գնահատականների, համավարակով պայմանավորված տնտեսական անկման և եկամուտների նվազման պայմաններում օրենքի կիրառման դեպքում հնարավոր է քաղաքացիների հարկային բեռի ավելացում: Առանձնապես կարող են տուժել թոշակառուները, բազմազավակ ընտանիքները, միայնակ ծնողները, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ գույք ստացած, բայց ներկայումս եկամուտներ չունեցող անձինք, հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերած սեփականատերերը և այլք:

Ցավոք, Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքն իր առարկություններով և առաջարկություններով հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք:

Համաձայն Սահմանադրության, Հանրապետության նախագահը կարող է ստորագրել օրենքը կամ չստորագրել, որի արդյունքում, միևնույն է՝ օրենքը մտնելու է ուժի մեջ, կամ դիմել Սահմանադրական դատարան:

Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների գնահատականների՝ առերևույթ օրենքի սահմանադրականության խնդիր չկա:

Հետևաբար, Հանրապետության նախագահը ստորագրել է օրենքը:

Ստորագրելով հիշյալ օրենքը՝ Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում շարունակելու է հետևել օրենքի կիրառման էվոլյուցիային, հանրության վրա դրա ազդեցությանը՝ ընթացքում Սահմանադրությանը համապատասխանության հնարավոր խնդիրների առաջացման պարագայում չբացառելով Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը՝ նշված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ