Որքան էլ լուրջ դեմքով «բացահայտումներ» անեն, միևնույն է՝ փաստերը դրանից չեն փոխվելու. խոսնակը հիշեցնում է վարչապետի՝ զինծառայությունից ազատման հիմքերը

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«1991 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած «Զինապարտության մասին» Ն-0445 օրենքի 23-րդ հոդվածում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաև այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993 թ. հունիսի 1-ին, և նա ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 1993 թ. գարնանային զորակոչին, միաժամանակ նրա երկու եղբայրների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա զորակոչային հանձնաժողովի 01․06 թիվ 8 արձանագրությամբ ձևակերպվել է նրա ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից։ Օրենքի 35-րդ հոդվածի պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը հաշվառվել է ՀՀ ԶՈՒ պահեստազորում, իսկ 1995 թ. նրան՝ որպես պահեստազորայինի, տրվել է զինվորական գրքույկ։ Օրենքի 23-րդ հոդվածի տվյալ խմբագրումը գործել է մինչև1993 թ. նոյեմբերի 8-ը, և այդ օրն ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունով ազատման վերոնշյալ հիմքը վերացվել է, ինչը, սակայն, արդեն իսկ ձևակերպված ազատման իրավունքը դադարեցնելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ այն բացարձակ իրավունք է, և կատարված փոփոխություններին հետադարձ ուժ չէր կարող տրվել։

Իրեն իրավունքի բարձրակարգ մասնագետ համարող Տիգրան Աթանեսյանը պետք է որ իմանար՝ անձի ազատումը կամ տարկետումը ձևակերպվում է 18 տարեկանից հետո, ինչպես նաև՝ վատթարացնող նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ և տարածվել նախկինում ծագած իրավահարաբերությունների վրա կամ չեղարկել դրանք։ Հետևաբար հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսում փաստաբանը։ Ցավոք, այս հարցը որոշ շրջանակների հանգիստ չի տալիս, և հանրությանը մոլորեցնելու իրենց անպատվաբեր գործում այն պարբերաբար դաշտ են նետում՝ չհասկանալով, որ ինչ պարբերականությամբ էլ այս թեմայով լուրջ դեմքով «բացահայտումներ» անեն, միևնույն է, փաստերը դրանից չեն փոխվելու։ 2014-ին՝ այս հարցի շահարկման հերթական ալիքի ժամանակ դեռևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ անդրադարձ է արել»,- գրել է Գևորգյանը՝ առաջարկելով ևս մեկ անգամ ընթերցել այն։

1991 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին Ն-0445 օրենքի 23 հոդվածում սահմանվել են պարտադիր զինվորական…

Posted by Mané Gevorgyan on Tuesday, 30 June 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ