Փաշինյան-Պուտին սեպտեմբերյան հանդիպումից հետո Ն. Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահը նույնիսկ տեղյակ չէ, որ հայ սպառողը նման գնով է գազը ստանում, ուստի որոշվել էր ուսումնասիրել գազի գնագոյացման մեխանիզմները՝ ի օգուտ հայ սպառողի։ Թե ինչպես կշահի հայ սպառողն այդ բանակցություններից և վերանայումներից՝ հայտնի կդառնա օրեր անց։
Մինչ այդ «168 ժամը» ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի հետ քննարկել է գազի գնի շուրջ ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակը։
Կոնստանտին Սիմոնովն արձանագրեց, որ քաղաքական հարթությունում, որն անդրադառնում է նաև տնտեսական կապերի վրա, վերանայումների փուլ է, և այդ վերանայումներից հետո ստեղծված հարաբերություններից է կախված՝ կլինի գնի նվազո՞ւմ, թե՞ ընդհակառակը։
Ըստ նրա, ներկայումս ունենք իրավիճակ, երբ կան նաև խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ։