«ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի ժամը 00։01-ից»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։

Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից»։

Հավելենք, որ  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել է․

«Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ