«Մաղթում եմ, որ 2019 թվականը կրկին հայկական տարի լինի». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորելով ներկաներին՝ ընդգծել է, որ 2018 թվականն առանձնահատուկ տարի էր մեր երկրի ու ժողովրդի համար. «Այն պատմական տարի է տաբեր իմաստներով: Եթե մտածենք, թե հային ինչպես են բնութագրում և՛ Հայաստանում, և՛ դրսում, կարձանագրենք, որ հիշում են աշխատասեր, ազնիվ մարդու կերպարը: Ազգ, որն առաջին քրիստոնյան է եղել, որը 20-րդ դարի առաջին մեծ ողբերգությունն է կրել՝ Մեծ Եղեռնը: Բայց նաև հիշելու ենք, որ 2018 թվականին մեր ժողովուրդը հսկայական փոփոխություններ արեց, որոնք կարելի է գնահատել և՛ որպես թավշյա հեղափոխություն, և՛ որպես հեղափոխություն հայկական ձևով:


Արտերկրում հանդիպել եմ մարդկանց, ովքեր կատարվածը գնահատում են որպես հայկական հրաշք: Որովհետև 21-րդ դարի այս ժամանակաշրջանում նմանատիպ կերպով այսպիսի փոփոխություններ անելն իրականում հրաշքի նման է, քանի որ աշխարհը շատ ավելի դինամիկ է ու անկանխատեսելի, ինչ-որ տեղ նաև՝ ավելի կոշտ ու կարծր: Եվ հայկական փոքր հրաշքն իր տեղն է ունենալու մեր ժողովրդի պատմության մեջ և ընդհանրապես»:

Նախագահը նշել է, որ, միաժամանակ, մեզնից՝ որպես երկիր ու ժողովուրդ, աշխարհի սպասելիքներն ավելի շատ են. «Մեզնից սպասելու են նոր հեղափոխություններ՝ տնտեսական, մշակութային, գուցե նոր, փոքր հրաշքներ: Իհարկե, նմանատիպ հրաշքներ սպասելու է նաև ողջ ժողովուրդը»:

Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր ազնվորեն, հայրենասիրաբար, պրոֆեսիոնալ կերպով ծառայել են հայրենիքին, պետությանը և ազգային շահերին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ