Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցի քննությունն այսօր հետաձգվել է:
Քննությունը կշարունակվի 2019թ. հունվարի 9֊ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
Օրբելյանը դժգոհել է, որ դատարանը նույնիսկ չքննարկեց իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը՝ մոռանալով, որ նման միջնորդություններն, ըստ Քրեական դատավարություն օրենսգրքի, պետք է քննել անհապաղ։ Փաստաբանը նաև պնդել է՝ քննիչն արհեստականորեն ժամանակ էր ձգձգում՝ ասելով, որ դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ունի։
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանի պաշտպանը այսօր ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե այս միջնորդության համար մի շարք փաստարկներ են ներկայացրել, մասնավորապես այն, որ 4 ամիս՝ առաջին անգամ կալանավորվելուց և ազատ արձակվելուց հետո Քոչարյանը որևէ խախտում թույլ չի տվել: