«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը` փորձելով կանխատեսել նրանց ապագան:
Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար (ցուլ) – 2018 թվականը, ինչպես եւ կանխատեսել էինք Փաշինյանի համար, փոփոխական տարի էր. ե՛ւ հիասթափություն, ե՛ւ ոգեւորություններ, իսկ թիմային մտածողության դրսեւորման դեպքում` հաղթանակ: Այդպես էլ եղավ:
Նապաստակի տարում ծնված Նիկոլ Փաշինյանի համար Հողե Խոզի տարում հնարավոր կլինի երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, ամրապնդել դիրքերը, որոնք կես տարի առաջ անհնար էր թվում գրավելը: Պետք է իսպառ մերժել նախկին բարքերը:
Ովքեր որ կփորձեն Ձեր անվան տակ գործողություններ իրականացնել, որոնք կհակասեն Ձեր կյանքի սկզբունքներին, անվարան մերժե՛ք նրանց: Այդ ճանապարհը լավ տեղ չի տանի: Աստղերը հուշում են ուշադիր լինել եւ կասկածելի մարդկանցից հեռու մնալ, որոնք կան եւ դեռ կհայտնվեն ձեր շրջապատում: Հավատի անսպառ թվացող չափաբաժինը կմաշվի, եթե Ձեզ շրջապատողները չգիտակցեն պահի լրջությունն ու պատասխանատվությամբ չգործեն: Ընտանիքում սպասվում է ներդաշնակություն: