Ստամբուլի Բեյլօղլուի թաղական խորհրդի ատենապետ, պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմը թուրք երգիչ Մուրադ Օվյուչի դեմ հայց է ներկայացրել Ստամբուլի դատախազություն՝ Քիմ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորանք հնչեցնելու համար։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն է սկսել։
Օվյուչը խոստովանական ցուցմունքի ժամանակ իր մեղքը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ իր խոսքերն ուղղված են եղել Քիմ Քարդաշյան անունով ԱՄՆ քաղաքացուն և «օսմանցիներին թշնամի հայերին»։
Օվյուչը պնդել է, որ իր հրապարակումը չի վերաբերում Թուրքիայի Հանրապետության հայ քաղաքացիներին և հավելել է, որ ինքը 5-6 տարի է իր երկրի հայ քաղաքացիներին և հայկական կազմակերպություններին «օգնություն է տրամադրում»։
Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք հնչեցնելու և սպառնալիք տարածելու հոդվածների հատկանիշներով։