Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք:
«Այսօր Մարտունու ԲԿ կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում ծանոթացա իրականացվող շինարարական աշխատանքներին, տեխնիկական և կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին: Նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթև և միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչև 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը իրականացվելու է տեղի մասնագետների ուժերով: Բաժանմունքն ունենալու է առանձին մուտք, բարեկարգվում է նաև բաժանմունք տանող ճանապարհը:
Այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության և մեր համատեղ նախաձեռնությամբ: Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը և ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք տեղում բուժօգնություն ցուցաբերել մեր քաղաքացիներին: Բոլոր ուղղություններում աշխատում ենք արագացված տեմպերով՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ:
Անում ենք հնարավորը, որպեսզի առաջիկա օրերի ընթացքում բաժանմունքը սկսի ընդունել հիվանդների: Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Արցախի և այլ մարզերի բնակիչներին ևս»,- գրել է նա: