Օրեր առաջ համացանցում տեսանյութ տարածվեց այն մասին, թե ինչպես են այրվում Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները: Ոստիկանության կենտրոնական բաժնի ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ պարզվեց, որ արարքի «հերոսներն» են 26-ամյա երիտասարդն ու 23-ամյա մի աղջիկ: Ցավալին այն է, որ սա եզակի դեպք չէ: Մետաղական աղբամանները նույնպես վնասում են: Մայիսի 16-18-ը ժամանակահատվածում էլ գողացել են Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցներում տեղադրված աղբարկղերի պլաստմասսայե կափարիչները: Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի երկու բնակիչ: Իրավապահները քննում են երկու դեպքերը՝ պարզելու հանցանքի հանգամանքները:
Յուրաքանչյուր աղբամանը ձեռք բերելու համար, ի դեպ, համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու յուրաքանչյուր դեպքով դիմելու է ոստիկանություն և հետևողական է լինելու, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։
«Ունենում ենք այսպիսի վատ պատահարներ, որոնց հետևանքով մոտ 400 հատ աղբաման վնասված կամ այրված է: Ափսոսանք եմ ապրում, որովհետև սա համայնքային սեփականություն է՝ բոլոր երևանցիների գույքն է. խնդրում և հորդորում եմ՝ իրենց սեփականությանն ուշադիր լինեն և հետամուտ լինեն, որ նման բաներ չլինեն»,- նշում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
Աղբամանները փոխարինելու գործընթացը Երևանի քաղաքապետարանն սկսել է 2019 թվականից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն ավելի քան 6200 նոր աղբաման է տեղադրված:
«Ոտնակներով աղբամաններն այս պահին դրված են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում: Կխնդրեմ, որ ոտնակից օգտվեն, ինչը հիմա չեն անում, աղբամանը դատարկ՝ բերում կողքն են դնում աղբը կամ դնում են վրան ու գնում են. բավական տգեղ տեսարան է: Նաև աղբամանների վրա փակցված է՝ խնդրում ենք աղբամանները փակ պահել»,- նշում է Արմեն Գրիգորյանը:
Աղբահանության գործընթացին զուգահեռ՝ համայնքային հիմնարկի աշխատակիցներն օրվա ընթացքում շրջում են վարչական շրջաններում ու ախտահանում աղբամանները: «Ցանկացած վարչական շրջանում աղբամաններն ախտահանվում են, և անվտանգ է, ոչ մի մանրէ չի մնում: Խնդրում եմ խցանները փակ պահել, որ այդ աղբը չտեսնենք և հոտն էլ չշնչենք»,- ընդգծում է համայնքային հիմնարկի տնօրենը:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցը 24/7 ժամանակացույցով ու այս օրերին նաև «արտակարգ» ռեժիմով շարունակում է աշխատանքը, որպեսզի քաղաքն ավելի մաքուր լինի: Այս գործում, սակայն, առաջին հերթին կարևոր է հատկապես բնակիչների հոգատար վերաբերմունքը մայրաքաղաքի ու քաղաքային գույքի նկատմամբ: