«Քաղաքացուն աջակցելու փոխարեն՝ առիթն օգտագործում են իշխանությանը մեղադրելու համար». Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Կառավարության հրաժարականի պահանջի մասին վերջին ելույթին:

Պապիկյանը նշեց, որ առողջ ընդդիմության գոյությունը կարող է լինել յուրաքանչյուր Կառավարության լավագույն աշխատանքի գրավականը, և նորմալ է, որ երկրում եթե կա իշխանություն, կա նաև ընդդիմություն:

«Թե ինչ նպատակով է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ Գագիկ Ծառուկյանը նման կոնսոլիդացիայի կոչ անում կամ միավորման ինչ ակնկալիքներ ունի՝ իրենց խնդիրն է: Նաև կուսակցության նախագահը, եթե երբևէ կառավարություն ձևավորի, այն ժամանակ թող խոսի կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, որովհետև դա իր լիազրությունների տիրույթում չէ»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ ժողովուրդը իր վստահության քվեն տվել է իշխանությանը դեռ 2 տարի առաջ:

Նախարարի խոսքով՝ համավարակի այս շրջանում, երբ երկիրը գտնվում է բավական ծանր ու կարևոր փուլում, տարբեր քաղաքական ուժեր, փոխանակ ՀՀ քաղաքացուն օգնելու, իշխանությանը աջակցելու, ընդհակառակը՝ առիթը օգտագործելում և իշխանության վզին տարբեր մեղքեր են են փորձում փաթաթել:

Պապիկյանը նաև նշեց, որ ընդդիմադիրների նման ակտիվացման պատճառը միգուցե որոշ քրեական գործեր են:

«Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք հսկայական կարողություններ և գույք են կուտակել: Գիտեք, որ ԱԺ-ն հավանության է արժանացրել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, և ես ուղղակի համբերություն եմ մաղթում մեր գործընկերներին և ուզում եմ, որ իրենք հետևողականորեն փորձեն ապացուցել, թե ինչպես են կուտակել այդ հարստությունը, և այն օրինական է թե ոչ»,- շեշտեց Պապիկյանը:

Նախարարը նաև պատասխանեց հարցին՝ Ծառուկյանը սեփականատե՞ր է, թե՞ օլիգարխ: Պապիկյանը նշեց, որ Ծառուկյանը չի կարող օլիգարխ լինել, քանի որ փոխկապակցված չէ իշխանության հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ