Արարատի մարզում հայտնաբերվել է գերբեռնված միկրովատոբուս

Հունիսի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին վերահասցեագրված քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա, որտեղ քաղաքացին իր մտահոգություններն էր հայտնել Դվին — Երևան միջմարզային միկրոավտոբուսային երթուղու սպասարկման որակի վերաբերյալ, Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի մասնագետները և ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրել են խիստ վերահսկողական աշխատանքներ:

Նույն օրը՝ 19:30-22:30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Երևան-Արտաշատ ավտաճանապարհի (Հ8) Մրգավետ-Արևաբույր համայնքների վարչական տարածքում իրականացված լայնածավալ մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ «Լիգա» ՍՊ ընկերության սպասարկմանը հանձնված Դվին-Երևան-Դվին միջմարզային միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսի կողմից կրկին երթն իրականացվում է ուղևորների գերծանրաբեռնվածությամբ՝ այդկերպ խախտելով՝ ՀՀ պարետի N 74 որոշման 13-րդ հավելվածով նախատեսված անվտանգության կանոնները:

Մշտադիտարկման պահին ավտոբուսի սրահում հայտնաբերվել է շուրջ 20 կանգնած ուղևոր: ՀՀ ՃՈ կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում վարորդին տվել են պարտադիր կատարման ցուցումներ, որից հետո գերբեռնված միկրոավտոբուսից կանգնած ուղևորներն իջեցվել են, և Տեսչական մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, քաղաքացիները տեղափոխվել են բնակության հասցեներ:

Հավելենք նաև, որ նշված կազմակերպության ղեկավարը և՛ նախապես, և՛ դեպքն արձանագրելուց հետո ստացել է նախազգուշացնող ծանուցում՝ բացառել գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու որևէ դեպք, հակառակ դեպքում Տեսչական մարմնի կողմից միջոցներ կձեռնարկվեն երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավորապես կասեցնելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ