Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ վերջին ամիսներին առողջապահության ոլորտում կատարված աշխատանքին: Վարչապետը արձանագրեց՝ արվել է ավելին, քան հնարավոր էր։
«Կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկելու համար շուրջ 2000 մահճակալ է առանձնացվել ինը բժշկական կենտրոնում, որից 5-ը՝ Երևանում և 4-ը՝ մարզերում։ Այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են և սպասարկում են պացիենտներին։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասրահ ունեցող մոդուլ։ Այսօրվանից գործելու է կորոնավիրուսի կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ՝ ընդունման և ախտորոշման կենտրոն Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Նոր կենտրոնն այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9 վերակենդանացման մահճակալ։
Մի քանի օրվա մեջ կավելանա և 58 մահճակալ, ընդհանուր կունենանք հավելյալ 138 մահճակալ այս խնդրի լուծման համար»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ շուրջ երկու տասնյակ մահճակալով հարստացվել է «Աստղիկ» ԲԿ-ի մահճակալային ֆոնդը, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ընթանում են երկրորդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում շուրջ 50 մահճակալ ավելացնելու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանում են, դրանք պացիենտ կընդունեն մոտ 1,5 ամիս հետո։
Վարչապետը հավելեց, որ չի կարող լինել իրավիճակ, որ այսպիսի տեմպի պայմաններում մահճակալները լինեն բավարար։ Փաշինյանը օրինակ բերեց Նյու Յորքը, որտեղ հաստատվել էր նմանատիպ իրավիճակ։
«Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, դեռ կանի ավելին ու անհնարը, բայց շատ ավելի կարևոր է մեկ մարդու ջանքը, մեկ մարդու դիրքորոշումը, և այդ մեկ մարդը դու ես»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։