Հայաստանում քաղաքական հայացքների համար չեն եղել, չկան ու չեն լինելու հարուցված գործեր. Ալեն Սիմոնյան

«Բարգավաճ Հայաստան» ղմբակցության ղեկավարի նախորդ օրվա հայտարարութանը այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին անդրադարձ եղել, թեպետ հանդիպման օրակարգային հարցերը եղել են ընթացիկ այլ հարցեր: Այդ մասին նիստի ավարտից հետո ասել է Ալեն Սիմոնյանը՝ նշելով աշխարհում իշխանությունը փոխում է միայն ժողովուրդը.

«Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա: Իսկ մնացածի մասով կտեսնենք, թե ինչ կլինի քաղաքական դաշտում և համացանցում տեղ գտած լուրերի մասով»:

«Արդյո՞ք սպասելի էր նման հայտարարությունը» հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափով նաեւ ուրախալի էր, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, կարելի է անվանել քաղաքական դաշտում կոորդինատների ճշտում.

«Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյից սկսել, ովքեր օգտվեցին՝ օգտվեցին, ովքեր ոչ՝ ոչ: Մեր միակ ու հուսալի գործընկերը ՀՀ քաղաքացիներն են, ում հետ մեր համագործակցությունը շարունակվելու է»:

Ալեն Սիմոնյանը մանրամասնել է, որ այդպիսով քաղաքական դաշտում կընթանա բյուրեղացման պրոցես և կերևա, թե ով՝ ով է: Իվետա Տոնոյանի գրառման մասին հարցին էլ Սիմոնյանը նշել է՝ Հայաստանում քաղաքական հայացքների համար չեն եղել, չկան ու չեն լինելու հարուցված գործեր: Իրենց նախորդ 2 տարին դա ցույց են տվել: Հարցին՝ թե արդյոք բոլոր ուժերը, որոնք հիմա պահանջում են կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պայմանավորվել են գրո՞հ կազմակերպել իշխանության դեմ, Ալեն Սիմոնյանն արձագանքել է.

«Ցանկանում եմ, որ նրանք բոլորով մի տեղ հավաքվեն, այդպես պարզ կլինի, բոլորը կիմանան, թե ով ով է, որովհետև քաղաքական գործընթացներն ԱԺ-ում հաճախ թաքնվում են ինչ-ինչ իրավական ձևակերպումների տակ, որոնց մեջ քաղաքացիները չեն կարողանում խորանալ: Երեկվա կոչերը, թե բոլորի հետ պատրաստ են քննարկումների՝ չի համապատասխանում իրականությանը, քանի որ տարբեր աղբյուրներից գիտեմ, որ այդ հանդիպումներն արդեն եղել են»:

Հիշեցնենք, երեկ ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, պետք է լինեն փորձառու պրոֆեսիոնալ, արդյունք ցույց տված մարդիկ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից։ Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են։

«Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի։
Ես՝ որպես քաղաքական ուժի ղեկավար և որպես ՀՀ քաղաքացի, ում համար մշտապես կարևոր է եղել իր երկրի անվտանգությունը, կարևոր է եղել երկրի բարեկեցությունն ու բարգավաճումը, դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի»,-ասել է նա։
Ծառուկյանի խոսքերին արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը․

«Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»:

Մանե Գևորգյանի գրառմանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով՝ վարչապետի խոսնակի պատասխանն իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ