«Մեր վիճակը ծանր է և առայժմ ծանրանում է, բայց կարող ենք փոխել»․ Նիկոլ Փաշինյան

«Այսօր մեր խնդիրն է աջակցել առողջապահական համակարգին: Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում: Մարդիկ մահամերձ վիճակից կյանքի են վերադառնում: Եթե կոպիտ ձևակերպեմ, մենք պետք է կարողանանք վարակվել այնքան, ինչքանով մեր համակարգը կկարողանա ընդունել, ունենալ մահճակալ, վերակենդանացման բաժանմունքում տեղեր: Եվ մեր խնդիրը պարզ է. այնպես անել, որ չսպառվեն մեր առողջապահական համակարգի կարողությունները»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Կառավարությունը շարունակում է առողջապահական համակարգի հզորացմանն ուղղված քայլերը, և հետագայում այդ ուղղությամբ միջոցներ չի խնայելու: Սակայն, ըստ Փաշինյանի, հակահամաճարակային շարժումն ու յուրաքանչյուրի անհատական վարքագիծն է խնդրի լուծման ճանապարհը:

«Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը, որովհետև ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխության շնորհիվ է, որ ես հասել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին: Ուզում եմ ասել, որ այս իրավիճակի լուծումը մեր մտքում է, մեր վարքագծի փոփոխության մեջ է»,- շեշտեց նա:

Վարչապետը մեկնաբանել է վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թվի նվազելու պատճառը: Ըստ նրա, նախկինում վիճակագրություն կազմելիս՝ կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը դուրս էր բերվում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ ներկայումս դուրս է բերվում միայն ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից:

«Կարող եմ բերել իմ և իմ ընտանիքի օրինակը։ Մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը և  եթե այսպես շարունակվի, առողջանալու ենք առանց որևէ բժշկական միջամտության։ Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր պոզիտիվ ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետև մենք որևէ բուժում չենք ստանում։  Այսինքն՝ մենք հիվանդությունը տանում եք ասիմպտոմ, ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ և բուժումը տեղի է ունենում առանց բժշկական միջամտության։  Քանի որ այդ բուժումը չի արձանագրվում բժշկական փաստաթղթում, վիճակագրության պատճառը դա է»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ